Ռուտգերսի համալսարանի եւ Հյուսիսային Կառոլինայի համալսարանի ամերիկացի գիտնականների կողմից ախտածիններով խոհանոցի մակերեսների խաչաձեւ աղտոտման հնարավորության վերաբերյալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համեմունքների տարաները կարող են մեղավոր լինել հիվանդածին բակտերիաների տարածման մեջ:
Սննդի պատրաստման ժամանակ առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմները կարող են նստել ոչ միայն ակնհայտ մակերեսների վրա, ինչպիսիք են կտրատելու տախտակները, աղբամանների կափարիչները եւ սառնարանի բռնակները, այլ նաեւ համեմունքների տարաների վրա: Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ տեղյակ չէ այդ մասին, ուստի կարող է տարիներ շարունակ չմաքրել դրանք՝ ենթարկվելով վարակվելու վտանգի:
Իրենց փորձի ընթացքում գիտնականները դիտարկել են 370 մեծահասակների վարքագիծը, որոնք պատրաստել են նույն ուտեստը տարբեր չափերի մի քանի խոհանոցներում: Մասնակիցները պատրաստել են հում աղացած մսով կոտլետներ՝ համեմունքներով, ինչպես նաեւ աղցան։ Խոհանոցումհարուցիչի տեղաշարժը մոդելավորելու համար գիտնականները մսի մեջ նախապես ներարկել են MS2 բակտերիոֆագ, որը մարդկանց համար անվտանգ ցուցանիշ է ծառայել։ Կամավորները չեն իմացել, որ փորձագետները պետք է ուսումնասիրեն սննդամթերքի անվտանգության հետ կապված իրենց գործողությունները:
Երբ փորձարկվողները պատրաստել են իրենց ուտեստները, հետազոտողները քսուքներ են վերցրել խոհանոցի բոլոր մակերեսներից եւ պարագաներից՝ ստուգելու MS2-ի առկայությունը: Նրանք պարզել են, որ ամենաաղտոտված առարկաները համեմունքների տարաներն են։ Կտրող տախտակները եւ աղբամանների կափարիչները եղել են երկրորդ եւ երրորդ ամենաաղտոտվածները: Ծորակների բռնակները ամենաքիչ աղտոտված առարկաներն են եղել:
«Մեր նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ցանկացած համեմունք տարա, որին դիպչում եք հում միս կամ ձուկ պատրաստելիս, ենթակա է խաչաձեւ աղտոտման: Սա պետք է ի նկատի ունենալ ճաշ պատրաստելու ընթացքում եւ դրանից հետո»,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Դոնալդ Շաֆները:





























