Գվատեմալայի հյուսիսային Թայյասալ քաղաքում հնագետները հայտնաբերել են մարդկային ոսկորներ եւ իսպանական փամփուշտներ, ինչպես նաեւ մայաների ստեղծած այլ իրեր։ Այս մասին  Agence France-Presse ֆրանսիական լրատվական գործակալությանը տեղեկացրել են Գվատեմալայի իշխանությունները։

Թայյասալը մայաների վերջին հանգրվանն է, որը նվաճել են իսպանացի կոնկիստադորները։ Մայա ժողովուրդն այս քաղաքում բնակություն է հաստատել մ.թ.ա. 900թ., իսկ 1697թ. (հնագույն քաղաքակրթությանը պատկանող տարածքների նվաճումից ավելի քան 100 տարի հետո) այն նվաճել են գաղութարարները։

Գիտնականների խոսքով՝ ջունգլիները կատարել են բնական սահմանի դեր, ինչը դժվարացրել է իսպանացիների մուտքն այս վայրեր եւ մայաներին թույլ է տվել դիմանալ այդքան երկար ժամանակ։

Հնագիտական պեղումներն այս քաղաքում դժվարացել են իսպանացիների մաշստաբային կառուցումների պատճառով։ Բայց վերջին պեղումների ժամանակ, որոնք սկսվել էին անցած տարվա հունիսին, գաղութարարների փամփուշտներից եւ մարդկային ոսկորներից բացի՝ հնագետները հայտնաբերել են հնագույն մայաների մի քանի կառույցներ, ներառյալ 30 մետր բարձրությամբ ակրոպոլը, որը եղել է կառավարող էլիտայի նստվայրը։ Գիտնականները հայտնաբերել են նաեւ ջրհոր, որն օգտագործվել է իսպանացիների գալուց առաջ։