Միչիգանի քաղաքներից մեկը չեղարկել է Հելոուինի տոնակատարությունները՝ փողոցներում ուտիճների հարձակման պատճառով։
Ինչպես հայտնում է USA Today-ը, Վյանդոտի քաղաքային խորհուրդը քվեարկել է Հելոուինի տոնակատարությունները չեղարկելու օգտին, որպեսզի «ուտիճները չկառչեն մանկական կոստյումներին» եւ հետագայում չներթափանցեն այլ տներ: Եվ մինչ հյուրասիրություն փնտրողները կարող են տրորել ու սպանել ուտիճներին, նրանց ձվերը կարող են գոյատեւել, ինչը եւս մեկ խնդիր է եղել քաղաքի համար:
Վյանդոտի բնակիչները նամակ են ստացել քաղաքային ինժեներից, որով նրանց տեղեկացվել է, որ Հելոուինի օրը փողոցները փակ կլինեն երկուշաբթի երեկոյան ժամը 16:00-ից մինչեւ երեկոյան 20:00-ը «ուտիճների հետագա արտագաղթը կանխելու համար»: Նամակում ասվում էր, որ դա «բխում է քաղաքացիների շահերից»:
Քաղաքային խորհրդի անդամ Թոդ Հաննան USA Today Detroit Free Press-ին ասել է, որ ուտիճների ներխուժման մեջ «քաղաքը մեղք չունի»: Նա ասել է, որ խնդիրը բացահայտվել է, երբ թափոնները կառավարող մարմինը հանել է աղբը վխտացող ուտիճներով դատարկ տնից: Հաննան պնդել է, որ քաղաքն ակտիվորեն փորձում է լուծել այդ խնդիրը։
WXYZ-ն հայտնել է, որ տուժած բնակիչներին մինչեւ մեկ տարի կպահանջվի ամբողջությամբ խնդիրը լուծելու համար:




























