Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված բյուջետային ծրագրերն աչքի են ընկնում իրենց անարդյունավետությամբ։ Այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ դիմելով գերատեսչության ղեկավար Ռոբերտ Խաչատրյանին, ով ավելի վաղ հանդես էր եկել զեկույցով։
Պատգամավորի խոսքով, պետբյուջեից գերատեսչությանը տարեկան բավականին խոշոր ֆինանսական միջոցներ են հատկացվում։ Սակայն իր ոլորտում այն ոչ մի շոշափելի արդյունքի չի հասել։ Գործունեության արդյունքները, ըստ հանձնաժողովի ղեկավարի, պետք է լինեն բավականին շոշափելի ու տեսանելի, բայց այս ամենը չկա։ «Ըստ էության, դուք ոչ մի կոնկրետ չափանիշ չունեք։ Միայն խոսվում է այս կամ այն ծրագրի՝ 90 տոկոսով իրագործման մաիսն։ Ի՞նչ է դա։ Ի՞նչ ենք մենք անում եւ արդյունքում ի՞նչ է ստանում դրանից պետությունը։ Այս հարցերը նախորդ անգամ ես ավելի կոռեկտ ու զգույշ եմ տվել։ Բայց ոչինչ չի փոխվել եւ այս տարի դուք նույն զեկույցով եք եկել»,- դժգոհեց Պապոյանը։
Նախարարն իր հերթին փորձեց արդարանալ՝ ասելով, որ ինչ-որ արդյունքի մասին հայտարարելու համար որոշ ժամանակ է պետք։ Գուցե նույնիսկ տարիներ: Խաչատրյանի պատասխանը դուր չեկավ պատգամավորին, եւ «հարցաքննությունը» շարունակվեց։





























