Վրաստանում պատրաստվում են «ուտելի, բարեփոխական փողկապներ» վաճառել, որի հիմնական բաղադրիչը սալորի տղեմալին է, հաղորդում է Անդրեյ Իլարիոնովը`  livejournal-ի իր բլոգում, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

«Փողկապ ուտելը նպաստում է սեփական կյանքի բարեփոխմանը, կյանքի որակի բարձրացմանը, մեծացնում է ազատության եւ ժողովրդավարության նկատմամբ ախորժակը: Օգնում է ավտորիտարիզմով, խորհրդային մենթալիտետով, հարեւանին բարեկեցիկ ու երջանիկ տեսնելու ցանկության բացակայությամբ  հիվանդանալու ժամանակ: Խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել, մինչեւ լրիվ առողջանալը այդ հիվանդություններից: Պատրաստված է բնական մթերքներից»,- ասված է ուտելի փողկապի հետ տրվող գրության մեջ:

Հիշեցնենք, որ 2008-ի օգոստոսին, ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վրաստանի նախագահը հեռախոսով խոսելիս, լարվածությունից ուտում էր իր փողկապը, ինչը նկարահանվել եւ սփռվել է ողջ աշխարհով մեկ:

Իլարիոնովի խոսքով, ուտելի փողկապ ստեղծելու գաղափարը պատկանում է Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Պանֆիլովին եւ «Կոալիցիա հանուն եվրոպական Վրաստանի» շարժման քաղխորհրդի անդամ Լեւան Չոլոկաշվիլիին:

Ինքը` Պանֆիլովը Facebook սոցիալական ցանցում արդեն հայտնել է, որ իրենց հայտնագործությունն արդեն գրանցել են Մտավոր սեփականության ազգային կենտրոնում («Սաքպատենտի»):