Ռուսաստանն ակտիվ միջնորդում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, իսկ ԵՄ-ն չափազանց պասիվ է: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Հարավային Կովկասի հարցերով խորհրդարանական վեհաժողովի նախկին ղեկավար Գորան Լենմարկերը ադրբեջանական APA գործակալության հետ ունեցած հարցազրույցում:

Նրա խոսքով, ԵՄ-ն պետք է մեծ աջակցություն տրամադրի հարավկովկասյան երեք հանրապետություներին, հատկապես անդամակցության հարցով:

«Ես համաձայն եմ, որ ԵՄ-ն իրեն չափազանց պասիվ է պահում: Եվրոպան բազմաթիվ ազգամիջյան պատերազմներից հետո իր տարածաշրջանում խաղաղության, բարեկեցության եւ ժողովրդավարության հաստատման բացառիկ փորձ ունի նախկինում պատերազմած ժողովուրդների մեջեւ, որոնք այսօր ԵՄ անդամներ են: Ես կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է մեծ աջակցություն ցուցաբերի, որը ենթադրում է հարավկովկասյան երեք հանրապետությունների անդամակցության հնարավորություն: Ադրբեջանը, Հայաստանն եւ Վրաստանը սուվերեն պետություններ են, եւ եթե նրանք կամենան դառնալ եվրոպական ինտեգրացիայի մի մասը եւ համապատասխանեն դրա համար ներկայացվող չափանիշներին, ապա այդ հնարավորությունը պետք է հասանելի լինի նրանց համար: Ես համոզված եմ, որ դա երկարատեւ խաղաղություն եւ կայունություն կբերի տարածաշրջանին»,-հայտարարել է Լենմարկերը: