ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դեռեւս պահպանում է պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների խնդիրը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը:

«1990-2000-ական թվականներին Հայաստանում 120 տղայի դիմաց ծնվել է 100 աղջիկ, մինչդեռ բնական է համարվում 105 տղա - 100 աղջիկ հարաբերակցությունը։ Այս հարցին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն առաջին անգամ անդրադարձ է կատարել 2010 թվականին, երբ ունեինք 114 տղայի դիմաց 100 աղջկա ծնունդ: Վերջին տարում ունեցանք 100 աղջկա ծնունդ 108 տղայի դիմաց: Սա, իհարկե, հեռու է դրական ցուցանիշից: 2022 թվականի առաջին կիսամյակում 111 տղայի դիմաց 100 աղջիկ է ծնվել»,- նշեց նա:

Տոնոյանի խոսքով՝ սա այս տարվա համար դեռեւս վերջնական պատկերը պատկերը չէ, սակայն, ցավոք, պտղի սեռով պայմանավորված ընդհատումների հարցում Հայաստանը հավասար դիրքեր է գրավում Հնդկաստանի, Վիետնամի եւ Չինաստանի հետ:

 «Բրեվիս» հետազոտական և խորհրդատվական ընկերության հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանի խոսքով՝ այս տարվա հետազոտությանը մասնակցել են 18-49 տարեկան 1920 կին, որոնք երբեւէ հղի են եղել: Հարցազրուցավարները եղել են կանայք, որպեսզի զրույցն առավել անկեղծ մթնոլորտում լինի:

«ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանի խոսքով՝ այս տարվա հետազոտությունը համեմատվել է 2017 թվականի հետազոտությանը: Ըստ այս տարվա հետազոտության՝ մարզերում երկու սեռերի երեխաների նկատմամբ հավասար վերաբերմունք ունեցողների թիվը նվազել է:

«Եթե 2017 թվականին Գեղարքունիքի մարզում հարցվածների 75 տոկոսն ասում  էր, որ հավասար վերաբերմունք ունի երկու սեռերի նկատմամբ, այս տարի այդ ցուցանիշը նվազել է 60 տոկոսի: Ամենաբարձր ցուցանիշը հավասար վերաբերմունք ցուցաբերողների Կոտայքի մարզում է՝77 տոկոս, Երեւանում՝ 75 տոկոս: Մյուս մարզերում տղա երեխաների նախապատվությունը բարձրացել է: Միակ դեպքը, որ նախապատվությունը փոխվել է աղջիկ երեխաների, ի համեմատ 2017 թվականի, Տավուշի մարզում է»,- ասաց Այվազյանը:

Տղա երեխաներին նախապատվություն տված քաղաքացիների 91 տոկոսը նշել է, որ տղաներն ընտանքի տոհմը շարունակողն են, 83 տոկոսը, որ տղաները հայրենիքի պաշտպանն են, եւ 67 տոկոսը նշել է, որ որդիներն ունեցվածքի ժառանգներն են: Աղջիկ երեխաներին նախապատվություն տվողների 67 տոկոս նշել է, որ դուստրը միշտ պատրաստ է օգնել ծնողներին, 10 տոկոսը նշել է, որ աղջիկներն ընտանիքում ավելի քիչ են եւ ուզում են աղջիկ ունենալ, հինգ տոկոսն էլ նշել է, որ ընտանիքում աղջիկ երեխաների նկատմամբ սերը մեծ է:

Այվազյանի խոսքով՝ առաջին հղիությունից ծնված աղջիկ եւ տղա երեխաների համամասնությունը հավասար է բնական մակարդակին: Երկրորդ հղիության ժամանակ համամասնությունը սկսում է աճել: 2022 թվականի տվյալներով՝ ծնված երեխաների ամենամեծ համամասնությունը եղել է չորրորդ երեխայի դեպքում, իսկ 2017 թվականին՝ երրրոդ երեխայի դեպքում: Երրորդ երեխայից հետո աճում է իգական սեռի պտղի արհեստական ընդհատումների քանակը:

«2017 թվականի համեմատ աղջիկ երեխաներին նախապատվություն տալը աճել է 7 տոկոսով, եւ նույնքան էլ կրճատվել է տղաների նախապատվությունը, սակայն, միեւնույն է, տղաների նախատապատվությունն ավելի մեծ թիվ է կազմում: Մարզային քաղաքաների դեպքում աղջիկների նախապատվությունն աճել է եւ գերազանցում է տղաների նախապատվությանը: Բոլոր հարցվածների ամուսինները հիմնականում նախապատվություն են տվել տղա երեխաներին»,- ասաց նա:

Զարուհի Տոնոյանի խոսքով՝ այս հետազոտության տվյալները պետք է քննարկվեն մարզային իշխաննությունների եւ այլ պետական մարմինների հետ՝ հակառակ պարագայում աղջիկ երեխաների շարունակական չծնվելը կազդի ծնելիության մակարդակի վրա:

«Պետք է դպրոց մտնել, բարձր դասարանցիներին բացատրել, թե որքան կարեւոր է, երբ հասարակության մեջ կինը եւ տղամարդն ունենան հավասար իրավունքներ եւ հնարավորություններ: Կարեւոր է խոսել բուժաշխատողների վերապատրաստման մասին, որովհետեւ իրենք են շփում հղիների հետ, խորհրդատվություն տալիս կանանց, որոնք միտում ունեն հղիության ընդհատման: Եվ կարեւոր է ճիշտ աշխատելը լրատվամիջոցների հետ»,- նշեց նա: