91 տարեկան հասակում մահացել է բրիտանացի ֆինանսիստ եւ Ռոտշիլդների դինաստիայի ամենատարեց անդամ Էվելին դե Ռոտշիլդը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բրիտանական մամուլի ասոցիացիային, որը ստացել է նրա ընտանիքի հայտարարությունը։
Հայտարարությունում նշված է, որ նա մահացել է իր տանը։
27 տարեկանում՝ սկսած 1976 թվականից, Ռոտշիլդն արդեն զբաղեցնում էր NM Rothschild & Sons-ի՝ ֆինանսական դինաստիայի Լոնդոնի մասնաճյուղի նախագահի պաշտոնը։ NM Rothschild & Sons-ը հիմնադրվել էր իր նախնի կողմից XVIII դարի վերջին:
1972-1989 թվականներին նա եղել է Economist ամսագրի նախագահը, որին նա անվանել է «հավանաբար, աշխարհի ամենաանկախ հրատարակությունը»։
Ռոտշիլդների դինաստիան հրեական ծագումով բանկիրների եւ հասարակական գործիչների եվրոպական դինաստիա է, որի պատմությունը սկիզբ է առնում 18-րդ դարի վերջից: Մայեր Ամշել Ռոտշիլդը բանկ է հիմնադրել Մայնի Ֆրանկֆուրտում: Դրանից հետո նրա գործը շարունակել են հինգ որդիները։ Եղբայրները վերահսկել են հինգ բանկեր եվրոպական խոշոր քաղաքներում՝ Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Նեապոլում, Մայնի Ֆրանկֆուրտում: Ռոտշիլդների երկու ճյուղերը՝ անգլիականը եւ ֆրանսիականը, մինչ օրս գոյություն ունեն:




























