Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ծրագրում է մի շարք հանդիպումներ ունենալ Ֆրանսիայի եւ Իտալիայի իր եվրոպացի գործընկերների հետ՝ Բալիում կայանալիք G20-ի գագաթաժողովի շրջանակում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով ամերիկացի պաշտոնյաներին։ Գործակալության տվյալներով՝ բանակցությունների շրջանակներում Վաշինգտոնի ներկայացուցիչը մտադիր է կոչ անել պահպանել Կիեւի ֆինանսական աջակցությունը։

Ինչպես նշվում է, Յելենը պատրաստվում է եվրոպացի գործընկերներից պահանջել՝ կանխատեսելի եւ թափանցիկ կերպով լուրջ տնտեսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Բացի այդ, ԱՄՆ գանձապետարանի ղեկավարը Ֆրանսիայի եւ Իտալիայի ներկայացուցիչների հետ կխոսի էներգետիկ խնդիրների մասին, որոնց կարող է բախվել Եվրոպան ձմռանը։

Reuters-ը նշել է նաեւ, որ G20-ի գագաթաժողովի շրջանակներում Յելենը երկխոսություն է նախատեսում չինացի գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի Ազգային բանկի ղեկավար Յի Գանի հետ։ Գործակալությունն ընդգծել է, որ կողմերի բանակցությունները պետք է տեղի ունենան նույն օրը, երբ կկայանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։