Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը նախազգուշացրել է համաշխարհային տնտեսությանն սպառնացող ռիսկերի մասին՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի մրցակցության պատճառով։
«Գուցե մենք գնում ենք դեպի մի աշխարհ, որը դառնալու է ավելի աղքատ ու պակաս անվտանգ»,- ասել է ԱՄՀ-ի կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան Washington Post-ի հարցազրույցում։ «Ես առաջին սառը պատերազմի ժամանակ գտնվել եմ երկաթե վարագույրի այն կողմում։ Եվ այո, այնտեղ բավական սառն էր»,- նշել է Գեորգիեւան, որը ծնվել եւ մեծացել է Բուլղարիայում։ «Եվ երկրորդ սառը պատերազմ սկսելը շատ անպատասխանատու բան է»։
Նախագահ Ջո Բայդենը դեռ պետք է լուծի քաղաքականության կարեւոր հարցը, որը վերաբերում է չինական ապրանքների՝ իր նախորդի սահմանած սակագներին, որոնք ամերիկյան ներմուծողների վրա միլիարդավոր դոլարներ են նստում։
«Կարեւոր է մանրակրկիտ մտածել գործողությունները, եւ թե ինչ պատասխան քայլեր դրանք կարող են առաջացնել, որովհետեւ ջինին շշից բաց թողնելուց հետո դժվար է լինելու նրան իր տեղը վերադարձնելը»,- ասել է Գեորգիեւան Թրամփի դարաշրջանի սակագների մասին։
Բայդենի թիմը մի քանի ամսվա ընթացքում տարբեր միջոցներով պայքարել է չինական ներմուծման տուրքերի նվազեցման ուղղությամբ՝ փորձելով ճնշել գնաճը։





























