Եկող տարի Մեծ Բրիտանիայի եւ եվրոգոտու տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կբախվի ռեցեսիայի, բայց Միացյալ Նահանգները, գուցե, կարողանա խուսափել դրանից՝ շնորհիվ կայուն աշխատաշուկայի, կարծում են Morgan Stanley-ի վերլուծաբանները։
Միեւնույն ժամանակ, Չինաստանում աշխատանքի սպասվող վերականգնումը COVID-19-ի գրեթե եռամյա սահմանափակումներից հետո պետք է հանգեցնի նրա եւ ասիական այլ զարգացող շուկաների տնտեսությունների վերականգնման, նշել են նրանք։ «Ռիսկերը նվազում են»,- նշվել է այն հաշվետվություններում, որոնք կանխատեսում են եկող տարի համաշխարհային տնտեսության 2,2 տոկոս աճ, ինչը ցածր է Արժույթի միջազգային հիմնադրամի աճի վերջին գնահատականից 2,7 տոկոսով, տեղեկացրել է Reuters-ը։
Եկող տարի Morgan Stanley-ն կանխատեսում է կտրուկ խզում զարգացած տնտեսությունների միջեւ, որոնք «գտնվում են ռեցեսիայի մեջ կամ մոտ են դրան», այն դեպքում, երբ զարգացող տնտեսությունները «համեստ վերականգնվում են», բայց ընդհանուր գլոբալ վերելքը, ամենայն հավանականությամբ, մնում է անհասանելի։ Կանխատեսվում է, որ Չինաստանի տնտեսությունը 2023թ. կավելանա 5 տոկոսով՝ 3,7 տոկոսով գերազանցելով միջին աճը, որն սպասվում է զարգացող շուկաների համար, այն դեպքում, երբ 10 զարգացած երկրների խմբում միջին աճը կանխատեսվում է ընդամենը 0,3 տոկոսի մակարդակով։
Morgan Stanley-ն կանխատեսել է, որ Դաշնային պահուստային համակարգը կպահպանի բարձր տոկոսադրույքները 2023թ., քանի որ գնաճը մնում է բարձր այս տարվա չորրորդ եռամսյակի բարձրակետից հետո։
«ԱՄՆ-ի տնտեսությունը կհաղթահարի ռեցեսիան 2023թ., բայց «վայրէջքն» այնքան էլ փափուկ չի լինի, քանի որ աշխատատեղերի թվի աճը զգալիորեն դանդաղում է, իսկ գործազրկության մակարդակը շարունակում է բարձրանալ»,- նշվել է հաշվետվությունում, որը կանխատեսում է 0,5 տոկոս աճ եկող տարի։ «2023թ. կոշտ քաղաքականության ամփոփ էֆեկտը տարածվում է նաեւ 2024-ի վրա, ինչը կհանգեցնի երկու շատ թույլ տարիների»,- նշվել է հաշվետվությունում։
Վերլուծաբանների կարծիքով՝ գլոբալ մասշտաբով գնաճի բարձրակետը պետք է վրա հասնի ընթացիկ եռամսյակում, «իսկ եկող տարի դեֆլյացիան կարեւոր դեր կխաղա»։





























