ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հույս ունի, որ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կհանգեցնի աշխարհի ամենախոշոր տնտեսությունների միջեւ փոխգործակցության մակրոտնտեսական հարցերում, տեղեկացրել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ հանդիպման նպատակը ամերիկա-չինական հարաբերությունների կայունացումն է եւ ապագայում որոշակի վստահության ապահովումն ամերիկյան բիզնեսի համար։
«Ես հույս ունեմ, որ այսօրվա երկկողմ հանդիպման արդյունքով մենք ավելի ինտենսիվ բանակցություններ կվարենք մեր չինացի գործընկերների հետ չինական տնտեսության, գլոբալ մակրոտնտեսական արդյունքների եւ առողջապահության ոլորտի քաղաքականության մասին»,- ասել է Յելենը լրագրողներին Բալիում, G20 նախապատրաստվող գագաթաժողովի շրջանակում։
Յելենը նաեւ հանդիպելու է Չինաստանի Ժողովրդական բանկի կառավարիչ Ի Գանի հետ եւ նախատեսում է քննարկել տնտեսական հարցեր, այդ թվում Չինաստանի պլանները սահմանափակումները մեղմելու մասով, որոնք մտցվել են COVID-19-ի պատճառով, եւ որոնք հանգեցրել են նրա արտադրության եւ մատակարարումների շղթայի կրճատման, ինչպես նաեւ ֆինանսական խնդիրների անշարժ գույքի ոլորտում։
Նրա խոսքով՝ Սպիտակ տունը Չինաստանին պարզ հասկացրել է ազգային անվտանգության մտավախությունների մասին։ «Ես քանիցս արտահայտել եմ մեր անհանգստությունն այն առիթով, որ մենք չափից շատ ենք կախված Չինաստանից օգտակար հանածոների հարցում, որոնք օգտագործվում են էլեկտամեքենաների մարտկոցներում, արեւային վահանակներում։ Մեզ ավելի անվտանգ եւ ավելի կայուն մատակարարումների շղթա է հարկավոր»,- ասել է նա։ Բայց Միացյալ Նահանգները չի ձգտել դուրս մղել ամերիկյան ընկերությունները Չինաստանից կամ սահմանափակել «կոմերցիոն գործունեության լայն շրջանակը» երկու երկրների միջեւ, հավաստիացրել է Յելենը։





























