Կիեւում երկու պայթյուն է գրանցվել եւ 4 ռուսական հրթիռ է խոցվել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։ «Կիեւցիներ, մնացեք ապաստարաններում, այժմ երկու պայթյուն է գրանցվել մայրաքաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զոհերի եւ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են, եւ բոլոր համապատասխան ծառայություններն արդեն աշխատում են։

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Պեչորսկի թաղամասում, նախնական տեղեկություններով, հարվածներ են հասցրել երկու բնակելի շենքերի։ «Մի քանի հրթիռներ խոցվել են Կիեւի ՀՕՊ ուժերի կողմից։ Բժիշկներն ու փրկարարները ընկնելու վայրում են։ Ավելի մանրամասն տեղեկատվությունն ավելի ուշ կլինի»,- գրել է Կլիչկոն։

Կիեւում շարունակվում է օդային տագնապը։ Բացի այդ, Ուկրաինայի մայրաքաղաքում շտապ անջատում են էլեկտրամատակարարումը։ «Վթարային անջատումների ժամանակացույցները, որոնք կազմվել են ավելի վաղ, դեռ չեն գործում։ Էներգետիկները՝ «Ուկրէներգո»-ի մասնգետների, արտակարգ իրավիճակների այլ ծառայությունների եւ պետական մարմինների մասնագետների հետ միասին, անում են հնարավոր ամեն ինչ՝ իրավիճակը հնարավորինս արագ կայունացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Խմելնիցկիի ղեկավարը հայտարարել է երկու տարածաշրջանի կարեւոր ենթակառուցվածքների վրա երկու «թռիչքների» մասին։ Մարզկենտրոնի մի մասը հոսանքազրկված է։ «Թռիչքների» մասին գրում է նաեւ Պոլտավայի ղեկավար Դմիտրի Լունինը։ Հարձակման է ենթարկվել ենթակառուցվածքային օբյեկտ Կրեմենչուկի շրջանում։ Ճշտված տեղեկատվության համաձայն՝ հրթիռների թռիչքներ են գրանցվել նաեւ Կրիվոյ Ռոգում։

ՀՕՊ-ն աշխատել է նաեւ Պոլտավայի շրջանի Միրգորոդ համայնքում, Վիննիցայի, Նիկոլաեւյան, Սումիի, Խմելնիցկիի, Չերկասի եւ Ժիտոմիրի շրջաններում: Լվովի մի մասն առանց լույսի է մնացել, ասել է քաղաքապետ Անդրեյ Սադովին։