ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները գրեթե ավարտվել են։

Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են ստացել հանրապետականները, որոնք, ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի, դժգոհ են ընտրությունների արդյունքներից, քանի որ ավելի լուրջ ակնկալիքներ ունեին։

«Դեմոկրատներն արդեն մեծամասնություն ունեն Սենատում։ Դա նշանակում է, որ Բայդենի քաղաքական գիծը կշարունակվի։ Այնուամենայնիվ, նա խնդիրներ կունենա Ներկայացուցիչների պալատում իր օրակարգն առաջ տանելու հարցում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ փոփոխություններ չեն լինի։ Ի վերջո, մեծ հաշվով դա ԱՄՆ նախագահն է որոշում։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Սենատը գտնվում է դեմոկրատների վերահսկողության տակ։

«Ուկրաինական քաղաքականության ուղղությամբ լուրջ փոփոխություններ չեն լինի։ Քաղաքական իսթեբլիշմենթում Ուկրաինային օգնությունը շարունակելու կոնսենսուս կա»,- ընդգծեց Սարգսյանը։

Փորձագետը հավելեց, որ Թրամփը շուտով հանդես կգա հայտարարությամբ։ Մասնավորապես, նա կհայտնի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։ Թրամփը կնշի աշխատանքի այն հիմնական ոլորտները, որոնք պատրաստվում է իրականացնել իր վերադարձի դեպքում։