ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Հայաստանի հանդեպ լուրջ փոփոխություններ սպասել պետք չէ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Փելոսիի այցը, որն այլեւս Ներկայացուցիչների պալատի խոսնակ չէ, կապված է եղել նրա անձնական դրդապատճառների հետ։

«Նա, որպես հայ ժողովրդի, հայ համայնքի բարեկամ, միշտ ասել է, որ ցանկանում է տեսնել Հայոց ցեղասպանության թանգարանը։ Նա հենց դրա համար է եկել: Չի լինի Փելոսին, կլինի հայ ժողովրդի եւս մեկ բարեկամ»,- նշեց փորձագետը։

Նա հիշեցրեց, որ հայ համայնքն ակտիվորեն աշխատում է Կոնգրեսի հետ, կան լուրջ լոբբիստական կազմակերպություններ, եւ այդ գործունեությունը, նրա կարծիքով, կշարունակվի՝ անկախ նրանից, թե ով է իշխանությունը։

«Հանրապետական Մեհմեդ Օզի հաղթանակը եւ նրա հայտնվելը Սենատում կուժեղացնեն թուրք-ադրբեջանական լոբբիի հնարավորությունները Կոնգրեսի երկու պալատներում։ Հայտնի է, որ Օզը ծառայել է թուրքական բանակում եւ ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Նրա պարտությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է հայկական, հունական, կիպրական լոբբիների, ինչպես նաեւ այլ էթնիկ խմբերի լոբբիի աշխատանքով»,- եզրափակեց Սարգսյանը։