Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հորդորել է ավելի քիչ ծախսել Սուրբ Ծննդյան նվերների և տոնակատարությունների վրա, իսկ խնայված գումարը նվիրաբերել Ուկրաինային, հայտնում է AFP-ն։
«Հաճելի է նշել Սուրբ Ծնունդը: Բայց եկեք մի փոքր նվազեցնենք Սուրբ Ծննդյան ծախսերը»,- ասել է Պապը Վատիկանում իր շաբաթական ընդհանուր աուդենցիայի ժամանակ: «Եկեք ավելի համեստ Սուրբ Ծնունդ անցկացնենք՝ ավելի համեստ նվերներով։ Եկեք այն, ինչ խնայում ենք, ուղարկենք ուկրաինացի ժողովրդին, որը դրա կարիքն ունի»,- ասել է նա։
Ուկրաինացիները «այնքան շատ են տառապում։ Նրանք քաղցած են, մրսում են։ Այնքան շատ մարդ է մահանում, քանի որ չկան ո՛չ բժիշկներ, ո՛չ բուժքույրեր»,- նշել է նա:
Երեքշաբթի օրը Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները խոստացել են լրացուցիչ մեկ միլիարդ եվրո հատկացնել՝ որպես ձմեռային արտակարգ օգնություն:





























