Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջարկում է քննարկել դոնոր կազմակերպությունների միջոցով «Աջակցություն Հայաստանում բրուցելոզի վերահսկմանը» ծրագրի շարունակման համար ֆինանսական միջոցներ ուղղելու հնարավորությունը:
Այս մասին նա նշել է սեպտեմբերի 8-ին` «Աջակցություն Հայաստանում բրուցելոզի վերահսկմանը» ծրագիրն ուսումնասիրող եռակողմ առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ընդգծել է ծրագրի կարեւորությունը, գոհունակություն հայտնել ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը բրուցելոզի վերահսկման ծրագրի իրականացման կապակցությամբ ու շնորհակալություն հայտնել Իտալիայի կառավարությանը ֆինանսական օժանդակության համար: Սերգո Կարապետյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակը` Հայաստանում բրուցելոզի վերահսկումը, լիովին համապատասխանում է մեր երկրի կառավարության զարգացման նպատակներին` կաեւորելով վերջինի շարունակականությունը:
Ծրագրի միջոցով պատշաճ ուսուցում է կազմակերպվել 2009-2011թթ. Սյունիքի մարզում բրուցելոզի վերահսկման ծրագիր-գործողությունների պլանի շրջանակներում: Պատվաստման ծրագրի մեջ ներգրավված բոլոր անասնաբույժները վերապարտաստվել են, մշակվել են հանրային իրազեկման նյութեր եւ լայնորեն տարածվել` նպաստելով հիվանդության վերահսկման մասին գիտելիքների բարձրացմանը:
Հայաստանում Իտալիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար պրն. Պաոլո Բոնիսսոնեն շնորհակալություն է հայտնել գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին Իտալիայի կառավարության կողմից ստացված աջակցությունը բարձր գնահատելու համար եւ հույս է հայտնել, որ հայ-իտակալան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում կկրի շարունակական բնույթ:



























