Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկում զոհված Անուշ Աբետյանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կդառնար 37 տարեկան։

Անուշը զոհվելուց ութ ամիս առաջ էր անցել պայմանագրային զինծառայության։ Նա ծնունդով Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքի Մրգաշատ գյուղից էր։ Ուներ երեք անչափահաս երեխա ուներ՝ 17 տարեկան դուստր եւ 16 ու 5 տարեկան որդիներ։

«Դուստրը եւ 16 տարեկան որդին ապրում են Մրգաշատում, Անուշի ծնողների խնամակալության տակ են։ Դուստրը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ է ցանկանում ընդունվել, որդին էլ զինվորական է ուզում դառնալ։ Փոքր որդին մեզ հետ է բնակվում։ Իրեն դեռ չենք կարողանում ասել, որ մայր այլեւս չի գալու, բայց ինքը կարծես թե հասկանում է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անուշ Աբետյանի քույրը՝ Նարինե Սարգսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Ըստ Քննչական կոմիտեի՝ այս պահի դրությամբ զոհերի թիվը 224 է։