Այս շաբաթ` սեպտեմբերի 2-9 ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՀ կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության, կանխիկ արտարժույթի շուկայում բանկերը վաճառել են 79 մլն դոլար եւ գնել 72.5 մլն դոլար: Այս ընթացքում դոլարը ուժեղ հակվածություն է դրսեւորել արժեւորման ուղղությամբ: Սակայն խնդիրն այն է, որ վաճառված 79 մլն դոլարը շաբաթական կտրվածքով առանձնապես բարձր ցուցանիշ չէ: Մենք ունեցել ենք շաբաթներ, երբ դոլարի նկատմամբ պահանջարկն անհամեմատ ավելի բարձր է եղել (110-120 մլն դոլար), սակայն դոլարը տատանողականություն հանդես չի բերել:
Հետեւաբար` դոլարի ուժեղացման վերջին միտումը չի կարելի կապել շուկայում առաջարկի ու պահանջարկի փոփոխության հետ: Եթե իհարկե` բանկերը ճիշտ տվյալներ են ներկայացնում արտարժույթի առուվաճառքի վերաբերյալ: Առավել հավանական է, որ պարզապես բանկերի մոտ ի հայտ են եկել բացասական սպասումներ, ինչն էլ հանգեցնում է տատանողականության ամլիտուդի աճին: Նշենք, որ բորսայում իրականացված գործարքների ծավալը մոտ 11 անգամ զիջում է ներբանկային շուկայի շրջանառության ծավալին, սակայն բորսան փոխարժեքի տատանողականության ամենահզոր կատալիզատորներից մեկն է:
Նշենք, որ վարկային շուկայում նույնպես մեծ ակտիվություն չի նկատվում դոլարային վարկերի մասով, ինչը կարող էր դիտարկվել որպես դոլարին արժեւորող գործոն: Այսպես` օգոստոսի 29- սեպտեմբերի 4 ժամանակահատվածում դոլարային վարկերը կազմել են ընդամենը 38.3 մլն դոլար, ինչը մոտ 1.8 անգամ զիջում է դրամային վարկերի ծավալին:
Հնարավոր է` դրամի թուլացումը պետք է պայմանավորել ոչ թե ֆինանսական հոսքերի վիճակով, այլ այն հանգամանքով, որ ամռան «զսպիչ» գործոնների ազդեցության շրջանն ավարտվել է: Այս պահին բանկերի սպասումներն այնպիսին են, որ դրամը պետք է արժեզրկվի, ինչը անկայունացնում է փոխարժեքը նույնիսկ կայուն իրավիճակներում:
Հանուն արդարության պետք է նշել, որ ֆինանսական ընթացիկ հոսքերի վերաբերյալ ԿԲ ներկայացրած տվյալները երբեք էլ լիարժեք պատկերացում չեն տվել փոխարժեքի տատանողականության պատճառների մասին: Սա կարող է նշանակել նաեւ, որ արտարժույթի շուկայում առկա է ստվերայնության բավական մեծ բաժին, ինչն էլ փոխարժեքի վրա ունի որոշիչ ազդեցություն:
Սամվել Ավագյան



























