Հայաստանում ձեռնարկություններում առավել հաճախ հանդիպող խախտումներն են՝ սանիտարական գրքույկների բացակայությունը, հակամիջատային ցանցերի բացակայությունը, աշխատակիցների ոչ պատշաճ վիճակը, սանիտարահիգիենիկ խնդիրները եւ այլն։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության Սննդամթերքների անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը։
Շատ դեպքերում, նշել է պաշտոնյան, ձեռնարկատերերի շրջանում առկա է նաեւ իրազեկության խնդիրը։
«Կան դեպքեր, երբ բիզնեսմենները փորձում են շրջանցել օրենքը, կան դեպքեր էլ, երբ, չնայած տուգանքներին, նրանք կրկնում են նախկինում թույլ տված խախտումները։ Այլ խոսքով՝ նրանք թեթեւամտորեն են վերաբերվել այդ հարցին»,- ասել է Ավետիսյանը՝ ավելացնելով, որ պատճառը իշխանությունների կիրառած պատժամիջոցների թուլությունն ու անարդյունավետությունն է։
Այս կամ այն խախտումը թույլ տված ձեռնարկատերերը ենթարկվել են պատասխանատվության։ Դրանք եղել են կամ տուգանքներ, կամ գործունեության ժամանակավոր դադարեցում։




























