Ամերիկյան Յուտա նահանգի մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթի քաղաքի շրջակա լեռներում անհայտ ալեհավաքներ են հայտնվել, եւ իշխանությունները չգիտեն, թե ով է դրանք տեղադրել եւ ինչ նպատակով, հայտնում է Vice-ը։
Տեղացի բնակիչների խոսքով՝ տարօրինակ ալեհավաքները առաջին անգամ սկսել են նկատել մոտ մեկ տարի առաջ։ Իշխանությունները հայտնաբերել են տասնյակ նմանատիպ ալեհավաքներ:
Հանրային տարածքներում նման սարքերի ինքնակամ տեղադրումն արգելվում է։ Իշխանությունները նշել են, որ ալեհավաքները տեղադրվել են եւ լեռներում, եւ տեղական համալսարանի տարածքում։
Սոլթ Լեյք Սիթիում զբոսանքի արահետների մենեջեր Թայլեր Ֆոնարուի խոսքով՝ ամենաբարձր կետը, որտեղ հայտնաբերվել է ալեհավաքներից մեկը, Մաունթ Վայր լեռան գագաթն է, որն ունի ավելի քան 2000 մետր բարձրություն։ Նա բացատրել է, որ մինչեւ նշված վայր ուղեւորությունը կտեւի առնվազն մեկ ժամ, իսկ ալեհավաքին հասնելու համար պետք է լրացուցիչ բարձրանալ դժվարին ճանապարհով։
Համացանցում տարածված հիմնական տարբերակի համաձայն՝ ալեհավաքները իրականում Helium կրիպտոարժույթի արդյունահանման գործողության մի մաս են: Դա կրիպտոարժույթի տեսակ է, որն օգտագործում է ալեհավաքները՝ գլոբալ ցանց ստեղծելու եւ թոքեններ արդյունահանելու համար:




























