Աբխազիայում հունվարի 12-ից սկսել են գործել էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Չեռնոմորէներգո»-ի մամուլի ծառայությունը, մտցվում են հզորության դեֆիցիտի պատճառով եւ էներգահամակարգի հավասարակշռությունն ապահովելու համար։ Էլեկտրականության սպառումը, «Չեռնոմորէներգո»-ի տվյալներով, Աբխազիայում անցած տարվա համեմատ ավելացել է 15 տոկոսով։ Ընդհանուր առմամբ լույսը կանջատեն մեկ ժամով, օրական չորս անգամ։

Երեքշաբթի Աբխազիայում մտցվել էին էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակավոր սահմանափակումներ «Պսոու 220» օդային գծի բարձր ծանրաբեռնվածության պատճառով։ Անջատումների համար որոշակի ժամանակացույց չկար։

Ռուսաստանից Աբխազիա էլեկտրականության հոսքը սկսվել է նոյեմբերի 22-ին «Աչգուարա» օդային գծում խնդիրների պատճառով, երբ հանրապետության մեծ մասում մտցվել էին էներգիայի սահմանափակումներ։ Դեկտեմբերի սկզբին մտցվել են հովհարային անջատումներ հոսքի ծավալների անբավարարության պատճառով, բայց հետո սահմանափակումների մի մասը հանվել էր։