Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ստացել է Գլոբալ Հարավի զարգացող երկրների աջակցությունը, որոնք պայքարում են տնտեսական դժվարությունների դեմ՝ սկսած նավթի գների աճից մինչեւ պարենի եւ պարարտանյութերի անբավարարություն, տեղեկացրել է Bloomberg-ը։

«Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ձեր ձայնը Հնդկաստանի ձայնն է։ Ձեր առաջնահերթությունները Հնդկաստանի առաջնահերթություններն են»,- ասել է Մոդին երկօրյա վիրտուալ գագաթաժողովի սկզբում, որին մասնակցում է 120 զարգացող երկիր։ «Գլոբալ Հարավի ժողովուրդներն այլեւս չպետք է հեռու մնան զարգացման պտուղներից»։

«Հնդկաստանը միշտ կողմ է եղել զարգացող երկրների դերի ուժեղացմանը մեր ընդհանուր ապագայի որոշման հարցում։ 21-րդ դարում գլոբալ աճը տեղի է ունենալու ի հաշիվ Հարավի երկրների»,- նշել է նա։

Վերջին տարիներին Հնդկաստանը ակտիվորեն ձգտում է ավելի սերտ կապերի ԱՄՆ-ի եւ նրա արեւմտյան դաշնակիցների հետ, որպեսզի դիմակայի Չինաստանին տնտեսական եւ ռազմական առումներով։ Հաճախ դա տեղի է ունեցել ի հաշիվ զարգացող երկրների հետ նրա փոխգործակցության։ Այժմ Նյու Դելին փորձում է վերականգնել այդ հավասարակշռությունը, մանավանդ որ ինքն էլ է բախվում հումքային ապրանքների գների կտուկ աճին, հատկապես Ուկրաինայում պատերազմից հետո։

«Հնդկաստանը որպես զարգացող երկիր ավելի շատ է անհանգստացած գների աճով եւ պարարտանյութերի, վառելիքի եւ սննդամթերքների անբավարարությամբ»,- ասել է Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Սուշանթ Սինգհը։ «Մեծ քսանյակը» Հնդկաստանին պլատֆորմ է տրամադրում, որպեսզի հնչեցնի այդ երկրների ձայնը եւ բարձրացնի նրա բանակցային եւ խմբային դիրքերը»։

Երկօրյա գագաթաժողովի շրջանակում տեղի կունենան ութ նախարարարական հանդիպումներ՝ նվիրված ֆինանսներին, էներգետիկային, շրջակա միջավայրին, առեւտրին եւ կոմերցիային, կրթությանը եւ արտաքին գործերին։ Առանձին նստաշրջան կնվիրվի գաղափարների գեներացմանը G20-ում Հնդկաստանի նախագահության համար։

«Վերջին մի քանի տասնամյակներին Հարավի կարեւորության նվազումը Արեւմուտքի առաջնահերթությունների ցուցակում հանգեցրել է այն բանին, որ Ասիան, Աֆրիկան եւ Հարավային Ամերիկան չեն ներկայացվել միջազգային համաժողովներում»,- ասել է Carnegie India-ում Հնդկաստանի դիվանագիտությունն  ուսումնասիրող Շիբանի Մեհթան՝ ավելացնելով, որ այդ հարցերը կարեւոր տեղ կզբաղեցնեն G20-ի Բրազիլիայի եւ Հարավային Աֆրիկայի ապագա գագաթաժողովներում։