Իսրայելի նոր ծայրահեղ աջ կառավարությունը դժվար թե փոխի իր դիրքորոշումն ուկրաինական պատերազմի նկատմամբ՝ նախընտրելով շարունակելլ քայլել «ձգված պարանով», որպեսզի չվշտացնի Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, գրում է Politico-ն։
Իսրայելը Կիեւին սնունդ, դեղորայք, ջուր եւ այլ մարդասիրական օգնություն է տրամադրել։ Բայց նա հրաժարվել է զենք մատակարարել։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը կպահպանի այդ հավասարակշռությունը՝ ավելի քիչ բարձրաձայնելով հակամարտության մասին:
Փորձագետները կարծում են, որ նման դիրքորոշումը հանգում է մեկ բառի՝ Սիրիա:
«Մի կողմից, Իրանը Ռուսաստանին տրամադրում է անօդաչուներ, բայց միեւնույն ժամանակ Ռուսաստանը Իսրայելին թույլ տվեց դիմակայել Իրանին եւ Սիրիայում «Հըզբոլլահին»», - ասում է Ջոնս Հոփքինսի համալսարանի Միջազգային հեռանկարային հետազոտությունների դպրոցի պրոֆեսոր Ռաֆֆաելա Դել Սարտոն:
Այս պայմանավորվածությունը վտանգված կլինի, եթե Իսրայելը օգնի ուկրաինացիներին սպանել ռուսներին, ուստի Բենիամին Նեթանյահուն եւ նրա թիմը դժվար թե փոխեն իրենց ուղղությունը: «Ուկրաինայի նկատմամբ Իսրայելի քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չկա»,- ասել է իսրայելցի պաշտոնյան։




























