Հունգարիան մտադիր չէ զենք մատակարարել Ուկրաինային եւ այն իր տարածքով տեղափոխել այլ երկրներից՝ առաջնորդվելով ոչ միայն իր, այլեւ Անդրկարպատյան էթնիկ հունգարացիների անվտանգության շահերով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գույաշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։  

«Հունգարիան առանձնահատուկ աշխարհաքաղաքական իրավիճակում է։ Մենք կարող էինք զենք ուղարկել Ուկրաինա  միայն Անդրկարպատյան տարածքով, ուստի մենք չենք մասնակցում մատակարարումներին։ Դա անհրաժեշտ է այնտեղ բնակվող հարյուր հազարավոր հունգարացիներին պաշտպանելու համար»,-պարզաբանել է Գույաշը, որը կառավարությունում նախարարի կոչում ունի։  

Մեկնաբանելով այլ պետությունների, այդ թվում՝ գերմանական Leopard տանկերի՝ Կիեւին ծանր ռազմական տեխնիկայի հնարավոր մատակարարումները՝ նա նշել է, որ «բոլորը՝ ներառյալ Գերմանիայի կառավարությունը, ցանկանում են խուսափել համաշխարհային պատերազմից, սակայն Հունգարիայի կառավարությունը միշտ նախազգուշացրել է Ուկրաինայում հակամարտության սրման հնարավորության մասին»։