Եվրահանձնաժողովը (ԵՀ) աջակցում է ռուսական ֆինանսական ակտիվները բռնագրավելու Էստոնիայի մտադրությանը՝ առանց ԵՄ մյուս երկրներին սպասելու։ Այս մասին հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։
«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ դա լավ է, որ ԵՄ առանձին երկրներ սկսել են շարժվել այդ ուղղությամբ»,- հայտնել է նա՝ պատասխանելով մինչեւ հունվարի վերջը իր տարածքում ձերբակալված ռուսական ակտիվների առգրավման սեփական իրավական ծրագիրը հրապարակելու Էստոնիայի մտադրության մասին լրագրողների հարցին։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը դեռ չգիտի, թե ինչ իրավական ճանապարհ կընտրեն էստոնիայի իշխանությունները այդ նպատակի համար։ Սակայն, նրա կարծիքով, այդ գործողությունները համապատասխանում են Եվրահանձնաժողովի ջանքերի ուղղությանը, որը 2022 թվականի դեկտեմբերի 2-ին առաջարկել է ԵՄ-ում քրեական պատասխանատվություն մտցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար, ինչը պետք է արագացնի միության երկրների կողմից ռուսական ակտիվների բռնագրավման գործընթացը։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխել Թամն ավելի վաղ հայտնել էր, որ օրենսդրական դաշտը կստեղծվի հունվարի վերջին։ Դեկտեմբերի վերջին երկրի կառավարությունը նախարարություններին հանձնարարել է ակտիվների բռնագրավման ծրագիր մշակել։
Ըստ Bloomberg-ի գնահատականների՝ Էստոնիայում խոսքը ռուսաստանցիների մոտ 20 միլիոն եվրո սառեցված միջոցների մասին է։



























