Եթե չլինեն ռուս խաղաղապահները, Ադրբեջանը կանցնի հայաթափման իր ծրագրի իրագործմանը, որի մեջ հանգիստ տեղավորվում է բլոկադան, որը շարունակվում է արդեն 1 ամսից ավելի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հրապարակային դաշտում սրվում են հայ-ռուսական հարաբերությունները, նա պատասխանեց. «Մենք ունենք տարբեր ազդանշաններ. Մի կողմից ունենք ունենք ազդանշան, որ Ռուսաստանը շարունակում է հանդես գալ որպես հիմնական ռազմավարական գործընկեր Հայաստանի համար՝ հաշվի առնելով եւ  անվտանգության բաղադրիչը, եւ տնտեսական փոխհարաբերությունները, եւ համագործակցության հումանիտար մասը, մյուս կողմից հնչում է այն միտքը, որ Հայաստանը պատրաստվում է իրականացնել արտաքին քաղաքականության մեջ շրջադարձ, որտեղ հիմնականում համագործակցությունն իրականացվելու է ոչ թե ՌԴ-ի, այլ Արեւմուտքի հետ: Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք Արեւմուտքը պատրաստ է այդ շրջադարձին, որովհետեւ Արեւմուտքը պատրաստ է բարոյապես օգնել Հայաստանին, ԵՄ-ն հայտարարում է, որ առկա են ներդրումային եւ այլ ծրագրեր, որոնք կարող են լինել օգտակար Հայաստանի համար, բայց լայնամասշտաբ, համապարփակ համագործակցությանը, որը տարիներ շարունակ իրականացվել է Ռուսաստանի հետ, այսօր դրա համարժեքը չի երեւում այլ երկրների կողմից: Այսինքն մենք ունենք ինչ-որ տեղ հասկանալի դժգոհություն գործընկեր Ռուսաստանի պահվածքից, մյուս կողմից թեեւ մենք ունենք ցանկություն խորացնել համագործակցությունն այլ բեւեռների հետ, բայց այս համադրումը նման բարդ իրավիճակում թվում է ոչ այնքան միանշանակ: Այսինքն խնդիրն այն չէ, որ պետք է խզել կապը մի կողմի հետ եւ ստեղծել ուրիշը, այլ պետք է փորձել իրականացնել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն եւ ունենալ հնարավորություն ստանալու մաքսիմալը երկու տարբեր կողմերից»::

Նրա խոսքով, հաշվի առնելով այն առճակատումը, որ այսօր կա Հայաստանի ու Արեւմուտքի միջեւ, դա դառնում է ավելի բարդ խնդիր. «Այսինքն «կամ-կամ»-ի մոտեցումը կարող է ավելի հավանական լինել, քան «եւ-եւ»-ի մոտեցումը: Դա լինելու է ոչ թե Հայաստանի ընտրությունը, այլ իրավիճակային թելադրանքը:

Հարցին, թե ինչո՞ւ Արեւմուտքը պատրաստ չէ լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր, Մարկարովը պատասխանեց. «Առայժմ մենք ունենք այլ պատմական օրինակներ, որ հենց Ռուսաստանն է հանդես եկել կողմ, որը բացառել է Թուրքիայի հարձակումը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մենք տեսանք, որ ոչ մի ուժ, լինի ռուսաստանը, թե հավաքական Արեւմուտքը, հանդես չի եկել որպես այն դերակատարը, որը կարող է հակազդել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սկսմանը Արցախի եւ նաեւ Հայաստանի նկատմամբ: Այսինքն բոլորը միասին կարողանում են ինչ-որ իմաստով նվազեցնել սպառնալիքը տարածաշրջանում, բայց բացառել ոչ մեկը չի կարողացել:

Հիմա հարցն այն է, թե արդյոք կա այն մեխանիզմը, որով մենք կարող ենք դուրս բերել Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից եւ շարունակել բանակցությունները, որոնք կունենան բանական ավարտ, այդ թվում Արցախի հարցի վերաբերյալ: Ինչպես տեսնում ենք միջազգային ինստիտուտները, որոնք աշխատում էին, օրինակ, Մինսկի համանախագոահների խումբը, դե յուրե պահպանվելով, դե ֆակտո բարդ վիճակում է, համապատասխանորեն մենք գուցե կարող ենք մտածել այն ֆորմատների մասին, որոնք զուգահեռ ֆորմատների շրջանակներում կարողանան ապահովել  տարածաշրջանային կայունությունը եւ կանխատեսելի զարգացումներ»,-ընդգծեց Ալեքսանդր Մարկարովը: