Գերմանիայում հունվարի 17-ին ժամանակավորապես կալանավորվել է էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։ Նա մասնակցել էր Լյուտցերատ անմարդաբնակ գյուղում ածխի հանքի ընդլայնման դեմ բողոքի ակցիային, տեղեկացրել է «Немецкая волна»-ն։

Թունբերգին եւ մյուս ցուցարարներին տարել են ոստիկանության բաժանմունք՝ անձը պարզելու համար։ Կալանավորվել է մի քանի տասնյակ մարդ, ասել Ախենի ոստիկանության ներկայացուցիչ Դանա Ցիմերմանը (Dana Zimmermann)։ Նրանք պաշտոնապես ձեբակալված չեն, ընդգծել է ոստիկանը։

Իրավիճակը Լյուտցերատում սրվել է հունվարի սկզբին. նախատեսված էր անմարդաբնակ գյուղը քանդել, որպեսզի ընդլայնեն Գերմանիայի ամենամեծ ածխի հանքը։ Լյուտցերատի բնակիչները վաղուց արդեն հեռացել են այդ բնակավայրից՝ փոխհատուցում ստանալով RWE կոնցեռնից։ Դրանից հետո այնտեղ ինքնակամ հաստատվել են էկոակտիվիստները։

Հունվարի 11-ին ոստիկանությունն սկսել է ակտիվիստներին Լյուտցերատից հեռացնելու եւ գյուղը քանդելու գործողությունը։ Սակայն ակտիվիստները դիմադրություն են ցուցադրել. գյուղում բողոքի ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ ամբողջ Գերմանիայից։ Բնապահպանները համոզված են, որ ածխի հանքի ընդլայնումը ոչ միայն կվնասի շրջակա միջավայրը, այլեւ կհակասի Փարիզի կլիմայի համաձայնագրին։ Հունվարի 15-ին իրավապահները հայտարարել էին գործողությունն ավարտելու մասին, սակայն ավելի ուշ ցույցերը շարունակվել են։