Ուկրաինան պատերազմի առանցքային պահին սպառազինությունների «զգալի ավելացման» կարիք ունի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ հավելելով, որ նման աջակցությունը «Ռուսաստանի հետ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման միակ ճանապարհն է»։

«Նախագահ Պուտինը խաղաղության նախապատրաստվելու ոչ մի նշան ցույց չի տվել, ուստի նա պետք է հասկանա, որ չի կարող հաղթել մարտի դաշտում։ Դա շրջադարձային պահ է պատերազմում եւ Ուկրաինային աջակցության զգալի ավելացման անհրաժեշտություն»,-ասել է նա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Reuters գործակալությանը տված հարցազրույցում։ «Եթե մենք ցանկանում ենք վաղը խաղաղ լուծում գտնել բանակցությունների միջոցով, ապա այսօր պետք է ավելի շատ զենք տրամադրենք»,-հավելել է Սթոլթենբերգը։