Տեխասից տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեջ․ նա խաբել է կանանց ամբողջ երկրում՝ շորթելով մոտ 1,6 միլիոն դոլար, հայտնում է AP-ն։

52-ամյա Ֆոլա Ալաբին իրեն մեղավոր է ճանաչել դավադրության եւ փողերի լվացման հարցով: Դատախազներն ասում են, որ նա հաճախ ներկայացել է որպես արտերկրում տեղակայված գեներալ, եւ առցանց ընկերություն է արել կանանց հետ, իսկ հետո աստիճանաբար ձեռք է բերել նրանց վստահությունը:

Կանայք, որոնք հաճախ 70-80 տարեկան են եղել, այրի կամ ամուսնալուծված, կանխիկ գումար կամ չեկեր են ուղարկել Տեխաս նահանգի Ռիչմոնդ քաղաքում ապրող Ալաբիի կողմից վերահսկվող հասցեներին եւ ընկերություններին:

Դաշնային գործակալները, ովքեր խուզարկել են Ալաբիի բջջային հեռախոսը, գտել են կանխիկի եւ չեկերի փաթեթների լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք նա ստացել է որոշ զոհերից, հայտնել են դատախազները:

Զոհերից մեկը կորցրել է 334 հազար դոլար։ Ռոդ Այլենդից մի կին ուղարկել է 60 հազար դոլարի չեկ եւ պատրաստվել է ուղարկել եւս 240 հազար դոլար, սակայն նրա բանկը մտածել է, որ նա կարող է խարդախության զոհ դառնալ, արգելափակել է նրա հաշիվը եւ դիմել տեղական ոստիկանություն, հայտնում են իշխանությունները:

Դատական ​​նիստը նշանակված է ապրիլի 25-ին։