Արգենտինայի Չակո նահանգում հինգ անհայտ անձինք ավիաակումբից թեթեւ շարժիչով Cessna-206 օդանավ են առեւանգել եւ կործանվել թռիչքից անմիջապես հետո՝ մոռանալով բացել վառելիքի փականը, տեղեկացրել է Diario Norte պարբերականը։
«Եթե օդանավը քաղաքում ընկներ, ողբերգություն կլիներ... Ինքնաթիռը արգելակման փակ համակարգ ուներ։ Երբ նրանք օդ են բարձրացել, մոռացել են բացել վառելիքի ծորանը, եւ բենզին չեն ունեցել, բոլորը չէ, որ գիտեն, թե որտեղ է վառելիքի այդ փականը»,- Diario Norte պարբերականին ասել է դատախազ Սերխիո Ռիոսը։
ԶԼՄ-ի տվյալներով՝ հունվարի 18-ի լուսաբացին հինգ կողոպտիչներ կոտրել են Վիլյա Անխելի աերոակումբի անգարը եւ առեւանգել Cessna-206 օդանավը, որը պատկանում էր տեղի ֆերմերներից մեկին։ Օդանավի այրվող բեկորները գտել են թռիչքուղուց յոթ կիլոմետր հեռու, հանցագործներից ոչ մեկը ողջ չի մնացել։





























