Պերուում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է 53-ի։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Associated Press (AP) գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի ցուցարարներն այրել էին Մակուսանի քաղաքի ոստիկանական տեղամասն ու դատարանի շենքն այն բանից հետո, երբ երկու մարդ սպանվել եւ մեկը լուրջ վիրավորվել էր հակակառավարական ցույցերի ժամանակ։

Ավելի վաղ Պերուի իշխանությունները հայտարարել էին Լիմայում եւ մի շարք այլ շրջաններում արտակարգ դրություն մտցնելու մասին։

2022թ. դեկտեմբերի 7-ին Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոյին պաշտոնից հեռացնելուց հետո երկրում սկսվեցին մասշտաբային հակակառավարական ցույցեր։ Դրանք ուղեկցվում են ճանապարհների փակմամբ, օդանավակայանների եւ կառավարական շենքերի վրա հարձակումներով։ Ցույցերի մասնակիցները պահանջում են  պետության ղեկավար Դինա Բոլուարտեի հրաժարականը եւ նոր ընտրությունների անցկացում։