Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Մարիսա Հարիսոնը գիրք է հրապարակել, որտեղ թվարկել է սերիական մարդասպան կանանց հիմնական բնութագրերը։ Գիրքը կարելի է գտնել համալսարանի պաշտոնական կայքում։

Որպես կանոն, այդ կանայք սպիտակամորթ են, ամուսնացած են եղել առնվազն մեկ անգամ, ունեցել են միջին ինտելեկտ եւ ավելի հաճախ աշխատել են առողջապահության ոլորտում։

«Եկեք սկսենք դրդապատճառներից։ Կանանց համար ամենատարածվածը ֆինանսական շահն է, այն դեպքում, երբ տղամարդկանց համար դրդապատճառ կարող է լինել սեքսը։ Միջոցները, որոնցով նրանք սպանում են, նույնպես տարբեր են։ Կանանց համար հիմնական միջոց է թույնը, իսկ տղամարդկանց համար՝ խեղդամահ անելը»,- նշել է Հարիսոնը։

Տղամարդիկ շատ ավելի հաճախ են թիրախ ընտրում անծանոթին եւ հետապնդում են իրենց զոհին։ Իսկ կանայք ավելի հաճախ ընտրում են որեւէ ծանոթի եւ տղամարդկանցից ավելի քան երկու անգամ ավելի հաճախ են սպանում ամուսնուն կամ զուգընկերոջը։ Նրանք, որպես կանոն, ընտրում են ավելի խոցելի մարդկանց՝ տարեցների, հիվանդների կամ երեխաների։

«Գիրքը 27 թեմատիկ հետազոտություններ է ներառում։ Մենք մեր գործընկերների հետ կազմել ենք ամփոփ վերլուծություն՝ հիմնված վիճակագրության վրա։ Մարդասպան կինը սովորաբար մոտ 20-30 տարեկան է, քրիստոնյա, ունի միջին ինտելեկտ եւ միջին կամ միջինից բարձր գրավչություն։ Մենք, փաստացի, հայտնաբերել ենք, որ սերիական մարդասպան կանանց 39 տոկոսը բուժքույրեր կամ բուժաշխատողներ են եղել»,- նշել է հեղինակը։

Թիմը նաեւ հայտնաբերել է, որ մարդասպան կանանց մոտ 40 տոկոսը հոգեկան շեղումներ է ունեցել։