Դանիայի Օրհուսի համալսարանի գենետիկները հայտնաբերել են գենոմային 27 տարբերակ, որոնք կարող են նպաստել ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշի (ՈՒՊՀՀ) առաջացմանը: Հեղինակներն իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրել են Nature Genetics ամսագրում հրապարակված հոդվածում:

Հեղինակներն ուսումնասիրել են ՈՒՊՀՀ-ով 38 հազար եւ առանց դրա 186 հազար մարդու ավելի քան 6 միլիոն գենետիկ տարբերակները։ Պարզվել է, որ ՈՒՊՀՀ-ի առաջացմանը մասնակից գեներն ունեն արտահայտման հատկապես բարձր մակարդակ ուղեղի հյուսվածքների լայն շրջանակում եւ ուղեղի զարգացման վաղ փուլերում:

«Սա վկայում է, որ ՈՒՊՀՀ-ն պետք է դիտարկել որպես ուղեղի զարգացման խանգարում: Դրա վրա ազդում են այն գեները, որոնք մեծ ազդեցություն ունեն ուղեղի վաղ զարգացման վրա: Բացի այդ, մեր հայտնաբերած գեները ազդում են դոֆամինի արտադրության վրա, ինչը բացատրում է, թե ինչու էՈՒՊՀՀ ունեցող մարդկանց ուղեղում դոֆամինի անհավասարակշռություն նկատվում», - ընդգծել են հետազոտողները:

Բացի այդ, հեղինակները վերլուծել են նաեւ 5000 մարդու կոգնիտիվ թեստերի տվյալները։ Նրանք պարզել են, որ ԴՆԹ-ում գեների առկայությունը, որոնք մեծացնում են ՈՒՊՀՀ-ի զարգացման ռիսկը, կապված է ընթերցանության եւ մաթեմատիկական ընդունակությունների, ուշադրության նվազման եւ կարճաժամկետ հիշողության հետ: