Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, գրում է Грузия Online-ը։

Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, Կոբախիձեն ասել էր, որ քանի որ «այս փուլում ռուսական կողմը որոշակի առավելություն ունի» Ուկրաինայում, Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու ցանկությունը մեծացել է։ Ավելի ուշ Կոբախիձեն հավելել էր, որ Ռուսաստանի «առավելությունը» փաստ է, որը հաստատում են Ուկրաինայի իշխանությունները եւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչները։

Միխայիլ Պոդոլյակը, սակայն, համարել է, որ իր հայտարարությամբ «Երազանք»-ի նախագահը միայն ցույց է տվել իր անկրթության աստիճանը։ «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում նա հեգնել է այն արտահայտությունը, թե «Ռուսաստանը հաղթում է պատերազմում»։

«Վրաստանը պետք է չեզոք դիրք գրավի եւ փորձի չմեկնաբանել պատերազմը, ռազմավարական տեսանկյունից դա շատ ձեռնտու կլինի Վրաստանին։ Եվ երկրորդ, իհարկե, չի կարելի նման աստիճանի անկրթություն դրսեւորել եւ ասել, որ Ռուսաստանը հաղթում է այս պատերազմում։ Եռօրյա պատերազմում Ռուսաստանը, իհարկե, «հաղթում է»։ Բայց կցանկանայի, որ պարոն Կոբախիձեն ուսումնասիրեր, թե ինչպես են ընթանում Պուտինի գործերը եւ երեք օրից Ուկրաինային ծնկի բերելու նրա ծրագիրը»,- ասել է Պոդոլյակը։

Զելենսկու գրասենյակի խորհրդականը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը շարունակվում է արդեն մեկ տարի, սակայն «Մոսկվան էական հաջողությունների չի հասել»։ Նրա խոսքով՝ այժմ հարցն այն է, թե որքան արագ ռուսները կլքեն Ուկրաինան։ «Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք դա քննարկել կոնկրետ օրինակներով»։

Պոդոլյակը նաեւ հավելել է, որ անիմաստ է համարում այս փուլում վրացական կողմի հետ հաղորդակցության պահպանումը, բացառությամբ դիվանագիտական մակարդակի։ Նրա խոսքով, չնայած 2008 թվականի ողբերգության հիշատակին, Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն իրավունք ունի մարդկանց սպանել Ուկրաինայում։