Ալբանիայի քաղաքական ընդդիմության հազարավոր կողմնակիցներ շաբաթ օրը մասնակցել են հակակառավարական ցույցին՝ պահանջելով վարչապետի հրաժարականը՝ բալկանյան փոքր երկրում ենթադրյալ կոռուպցիայի եւ տնտեսության վատ կառավարման պատճառով, հաղորդում է Associated Press-ը:
Ալբանիայի նախկին նախագահ եւ վարչապետ Սալի Բերիշան, որը գլխավորում է աջ կենտրոնամետ «Դեմոկրատական կուսակցությունը», եւ նախկին նախագահ Իլիր Մետան, որը գլխավորում է ձախակողմյան «Ազատութան կուսակցությունը», կառավարության գլխավոր շենքի մոտ հավաքված ցուցարարների թվում են։ Ցուցարարները պաստառներով են եւ իշխող ձախ կենտրոնամետ սոցիալիստական կուսակցությունից վարչապետ Էդի Ռամայի հրաժարականն են պահանջում:
Ցույցի մասնակիցները ծխային նռնակներ են նետել կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտ, որտեղ հարյուրավոր ոստիկաններ շարվել են շենքը պաշտպանելու համար:
Ռամային քննադատները նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ եւ նրա վրա են դնում աշխատանք փնտրելու համար արեւմտաեվրոպական երկրներ երիտասարդ ալբանացիների զանգվածային արտագաղթի պատասխանատվությունը։
Միեւնույն ժամանակ, Ռաման ասում է, որ իր կաբինետը Եվրոպայի այլ երկրների համեմատ ցածր մակարդակի վրա է պահում գնաճը եւ սուբսիդավորում է էլեկտրաէներգիան ընտանիքների ու փոքր բիզնեսի համար։
Ընդդիմությունը նաեւ Ռամային մեղադրում է ՀԴԲ-ի հակահետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Չարլզ Մակգոնիգալին կաշառելու մեջ։ Վերջինս ԱՄՆ-ում մեղադրվում է այն բանի համար, որ ՀԴԲ-ից թաքցրել է 2017 թվականին Ալբանիայի հետախուզության նախկին աշխատակցի հետ Ալբանիա կատարած այցի հիմնական մանրամասները, որը նրան առնվազն 225 000 դոլար է տվել։
Ռաման խոստովանել է, որ հանդիպել է Մակգոնիգալի հետ, սակայն հերքել է իրեն գումար տալու կամ հովանավորելու մեղադրանքները։





























