Ուկրաինայի ամենամոտ դաշնակիցներից մեկը՝ Լեհաստանը, կասկածել է, թե կարող է արդյոք ինքը Կիեւին տրամադրել ռեակտիվ կործանիչներ, որոնք, նրա խոսքով, անհրաժեշտ են Ռուսաստանի հետ պատերազմում հաղթելու համար:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան BBC-ի Sunday with Laura Kuenssberg-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ F-16 կործանիչներ ուղարկելը «շատ լուրջ որոշում» կլինի, որը «հեշտ չէ ընդունել»։

Նա նաեւ ընդգծել է, որ մարտական ինքնաթիռները, ինչպիսին F-16-ն է, «տեխնիկական շատ լուրջ սպասարկման կարիք ունեն», ուստի «պարզապես մի քանի ինքնաթիռ ուղարկելը բավարար չէ»։

Քանի որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, նշել է Դուդան, կործանիչներ տրամադրելու ցանկացած որոշում պետք է լինի «համատեղ որոշում», այլ ոչ թե ընդունվի որեւէ մի երկրի կողմից։

Մտավախություններ կան նաեւ այն մասին, թե արդյոք ՆԱՏՕ-ի ինքնաթիռների տրամադրումն ուղղակիորեն չի ներքաշի հակամարտության եւ նույնիսկ պատերազմի մեջ հենց Ռուսաստանի դեմ: 2022 թվականին ռուսական ներխուժման սկզբում Դուդան հայտարարել է, որ ինքնաթիռների ուղարկումը «ուկրաինական հակամարտության մեջ ռազմական միջամտություն կբացի»։

Միեւնույն ժամանակ, հեռուստաալիքն ընդգծում է, որ Լեհաստանի նախագահը Զելենսկու ամենաջերմ կողմնակիցներից է եղել եւ հսկայական ռազմական օգնություն է ցուցաբերել՝ դառնալով ծանր սպառազինության հիմնական մատակարարը, ներառյալ հետեւակի մարտական մեքենաներն ու հրետանին, անօդաչու սարքերն ու զինամթերքը։