Ուղեղի իմպլանտների Neuralink ընկերությունում, որը Իլոն Մասկին է պատկանում, ստուգումներ են անցկացվում սարքերի առաքման եղանակների վերաբերյալ այն բանից հետո, երբ կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խումբը կապ է հաստատել ԱՄՆ տրանսպորտի նախարարության հետ, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

«Պատասխանատու բժշկության բժիշկների կոմիտեի» խմբի հայտարարության համաձայն, հանրային գրառումները ցույց են տալիս, որ Neuralink-ի չպատրաստված աշխատակիցները առանց անվտանգ փաթեթավորման տեղափոխել են «վարակված» սարքեր, որոնք հանվել էին «վարակված» կապիկների ուղեղից: Հաղորդվում է, որ միջադեպերը տեղի են ունեցել 2019 թվականին՝ Դեւիսի Կալիֆոռնիայի համալսարանում, որտեղ փորձեր են անցկացվել ռեզուս-կապիկների վրա։

«Պատասխանատու բժշկության բժիշկների կոմիտեն» հայտարարել է, թե կապիկների վերաբերյալ բժշկական տվյալները վկայում են, որ տեղափոխվող նյարդային սարքերը, հնարավոր է, վարակված են եղել հակաբիոտիկների հանդեպ կայուն պաթոգեններով, այդ թվում՝ ոսկեգույն ստաֆիլոկոկով եւ կլեբսիելլայով, որոնք կարող են թոքաբորբ, արյունատար անոթների վարակներ եւ մենինգիտ առաջացնել: Խումբը նշել է, որ սարքերը նաեւ վարակված են եղել Corynebacterium ulcerans-ով՝ «մարդու նոր պաթոգենով», որը կարող է մահացու դիֆթերիա առաջացնել: Հնարավոր է, որ սարքերը ձեռք են բերվել նաեւ հերպեսով B-ով վարակված կապիկներից:

«Արձանագրությունները ցույց են տալիս, որ Neuralink-ի անփույթ գործելակերպը վտանգ է ներկայացնում հանրային առողջության եւ անվտանգության համար»,- ասել է Բժիշկների կոմիտեի գլխավոր խորհրդական Դեբորա Դուբոու Փրեսը:

Տրանսպորտի նախարարության խողովակաշարերի եւ վտանգավոր նյութերի անվտանգության վարչությունը հետաքննություն է անցկացնում:

Neuralink-ը այն բազմաթիվ ընկերություններից է, որն աշխատում է ուղեղը համակարգիչներին միացնելու, գլխուղեղի խանգարումների բուժմանը, գլխուղեղային տրավմաների հաղթահարմանն ուղղված ջանքերի եւ այլ ծրագրերի վրա:

Այս տեխնոլոգիայի ակունքները վերաբերում են 1960-ականներին, սակայն վերջին տարիներին զգալի հաջողություններ են գրանցվել:

Անցյալ տարվա վերջին «Ցույց տուր եւ պատմիր» շնորհանդեսի ժամանակ Մասկը հայտնել էր, որ իր թիմը գտնվում է ԱՄՆ-ի կարգավորող մարմինների կողմից հաստատման գործընթացում իր ընկերության սարքը փորձարկելու համար: Նա նաեւ ասել է, որ ընկերությունը պետք է կարողանա մոտ վեց ամսվա ընթացքում կլինիկական փորձարկումների ընթացքում իմպլանտ տեղադրել մարդու ուղեղում, թեեւ այդ ժամկետները հեռու են որոշակի լինելուց: