Իսպանացի հնագետները խիտ անտառում հայտնաբերել են 5-րդ դարի հզոր ամրոցի ավերակներ՝ շրջապատված հսկայական պաշտպանական պարսպով։ Նախկինում գիտնականները կարծում էին, որ այնտեղ երկաթի դարաշրջանի ամրոց կա, գրում է Hitech-ը։

Հետազոտողները Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում բլրի գագաթին լիդարի օգնությամբ ամրոց են հայտնաբերել:

Լիդարը լույսի ճառագայթման միջոցով հեռավորությունները չափելու տեխնոլոգիա է:

Այսպիսով, նրանք «նայել են» ավերակները ծածկող անտառը եւ գտել են վաղ միջնադարյան ամրոց՝ մոտ 10 հեկտար տարածքով, 30 աշտարակներով եւ մոտ 1,2 կմ երկարությամբ պաշտպանական պարսպով։

Կաստրո Վալենտե («Խիզախ ամրոց») կոչվող վայրը գտնվում է Գալիցիայի Պադրոն շրջանում։ Տեղացիները կարծել են, որ «ամրոցը» մոտ մ.թ.ա. 9-րդ դարից հետո կառուցել են կելտերը, որոնք այդ ժամանակ ապրել են Գալիցիայում։ Սակայն, բերդի հատակագծի, շինարարության եւ ներսում խեցեղենի բեկորների վերլուծությունը ցույց է տվել, որ այն հայտնվել է այն բանից հետո, երբ Հռոմեական կայսրությունը կորցրել է վերահսկողությունը տարածաշրջանի վրա մ․թ․ մոտ 5-րդ դարի սկզբին, երբ Իսպանիան գրոհել են գերմանական զավթիչները։

Սակայն մոտ 200 տարի անց այդ վայրը լքել են գուցե այն պատճառով, որ դրա կարիքն այլեւս չի եղել: Այժմ գիտնականները հույս ունեն պաշտպանել այն ճանապարհների կառուցումից եւ հողմային էլեկտրակայաններից։