Բրեյի դպրոցի շենքը, որը համարվում է ԱՄՆ-ում սեւամորթ երեխաների ամենահին դպրոցը, բարձվել է հարթ բեռնատարի վրա եւ ուրբաթ օրը տեղափոխվել Վիրջինիա նահանգի Գաղութային Վիլյամսբուրգ թանգարան-քաղաք, որը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել աֆրոամերիկացիների պատմության վրա, հայտնում է The Associated Press-ը։

Փայտե կառույցում միաժամանակ սովորել է մինչեւ 30 ուսանող, որոնցից մի քանիսը ազատ սեւամորթ երեխաներ են եղել, որոնք կողք կողքի սովորել են ստրուկների հետ:

Հարյուրավոր մարդիկ շարվել են փողոցների երկայնքով, որպեսզի տոնեն նրա դանդաղ ճանապարհորդությունը դեպի կենդանի պատմության թանգարանի սիրտը:

Վիլյամսբուրգը 10 մղոն է հեռու Ջեյմսթաունից, որը Անգլիան հիմնադրել է 1607 թվականին: Ընդամենը տասը տարի անց գաղութին, որպես աշխատուժ, ստրկացած աֆրիկացիներ են մատակարարվել: Մեկուկես դար անց սեւամորթները, որոնց մեծ մասը դեռ ստրկության մեջ են եղել, կազմել են Վիլյամսբուրգի 2000 բնակիչների կեսից մի փոքր ավելին:

Բրեյի դպրոցը հիմնադրվել է 1760 թվականին՝ հիմնադիր հայր Բենջամին Ֆրանկլինի առաջարկով, եւ անվանակոչվել է բարերար վերապատվելի Թոմաս Բրեյի անունով։