Դու, լինելով դաշնակցային հարաբերություններին մեջ մի պետության հետ, բերում ես հակադիր ճամբարին, որ վերահսկի քո դաշնակցին, այն էլ՝ այս լարված իրավիճակում: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայմանը եւ Փաշինյանի հայտարարություններին այս կապակցությամբ:

Նշենք, որ օրերս Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը՝ հայտարարելով, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին արդյոք պատրաստվո՞ւմ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞ ոչ:

«Այս վարչապետ կոչեցյալի հայտարարությունն ընդհանրապես սպանիչ է: Ասում է՝ Ադրբեջանը մեղադրում է, որ ռուսները հայերի հետ պատրաստվում են Ադրբեջանի դեմ հարձակվել, դիտորդներն էլ գալիս են համոզվելու, որ դա այդպես չէ: Այսինքն՝ գալիս են ռուսներին վերահսկելո՞ւ: Դու, լինելով դաշնակցային հարաբերություններին մեջ մի պետության հետ, բերում ես հակադիր ճամբարին, որ վերահսկի քո դաշնակցին, այն էլ՝ այս լարված իրավիճակում: Ի՞նչ ասեմ, սա ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանի սիրիականացում»,- Փաշինյանի հայտարարության վերաբերյալ ասաց Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ եթե Ռուսաստանին դուրս ես մղում, նրա տեղը լցվելու է Թուրքիայով, դրա համար ՀՀ իշխանությունները հաճոյանում են Թուրքիային»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ իշխանությունները հայտարարում են, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանում, Քոչարյանն ասաց. «Եթե դու ասում ես, որ սահման չունես, ու ՀԱՊԿ-ին հրավիրում ես, ՀԱՊԿ-ը ի՞նչ պետք է անի, ես չեմ արդարացնում ՀԱՊԿ-ին, պիտի ասի՝ դե ճշտի սահմաններդ, հիմա էդ առումով, եթե ասում ես՝ եվրոպացիները կգծեն, ոնց դու քո սահմանը չգիտե՞ս: Մյուս կողմից ինքը մինչեւ սահմանների ճշգրտումը տարածքներ է զիջում, որը այն ամսի 9-ի խայտառակ համաձայնագրով նախատեսված էլ չէ: Միեւնույն է այս գործողությունները տեղավորվում են նույն ծրագրի մեջ, եթե դուրս ես մղում Ռուսաստանին, ակնհայտ է, որ վակուում չկա, այն ոչ թե հավաքական Արեւմուտքն է լցնելու, այլ Թուրքիան, ուրեմն ինչ պետք է անես, պետք է հաճոյանաս Թուրքիային»:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը դարձել է փորձադաշտ՝ տոտալիտար մտածողությամբ ազատական կենտրոնների համար. «Իրենք այդպիսին են պատկերացնում ամբողջ աշխարհը: Հիմա բացատրեմ: Ազատականության ծայրահեղ դրսևորումն է՝ ազատվել բոլոր հավաքական ինքնություններից՝ կրոնական, ազգային, գենդերային, պատմական և այլն, այն, ինչ մեզանում մենք տեսնում ենք: Իրենք մի փորձադաշտ են գտել, որտեղ դա իրականացնում են: Այս իշխանությունների մի մասը խփնված է այդ ազատականության վրա, և չեն գիտակցում դա: Այսինքն՝ այստեղ երկու բան պետք է դիտարկել՝ աշխարհաքաղաքական շահը, որտեղ այս իշխանությունն ունի աջակիցներ, քանի որ սրանք ամեն ինչ անում են, որ Ռուսաստանին  դուրս մղեն, ինչը, առաջին հերթին, ձեռք է տալիս Թուրքիային: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել գլոբալ ազատականների շահերը, որոնց համար փորձադաշտ ենք»:

Նշենք, որ ԵՄ դիտորդների խումբը Հայաստան է գալու փետրվարի 20-ից: