ԱՄՆ ազգային անվտանգության պաշտոնյաները կարծում են, որ Ալյասկայի եւ Կանադայի օդում խոցված թռչող օբյեկտները աերոստատներ են եղել, կիրակի օրը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։

«Կարող եք վստահ լինել, որ եթե ամերիկյան որեւէ շահ, մարդիկ վտանգի տակ լինեն, ապա համապատասխան քայլեր կձեռնարկվեն», - ասել է նա։

Շումերը հավելել է, որ ուրբաթ եւ շաբաթ օրը խոցված օբյեկտները շատ ավելի փոքր էին, քան առաջին օդապարիկը, որը սլացել է ԱՄՆ օդային տարածքով եւ խոցվել Հարավային Կարոլինայի երկնքում անցած շաբաթ օրը:

Այս ուրբաթ Սպիտակ տունը հայտնել էր օդային օբյեկտի մասին, որը խոցվել է ԱՄՆ զինվորականների կողմից Ալյասկայի օդային տարածքում:

Եվ հենց այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ամերիկյան կործանիչը Կանադայի օդային տարածքում անհայտ օբյեկտ է խոցել։