Իշխող կոալիցիայի մաս կազմող «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին իտալական ANSA լրատվամիջոցին տված հարցազրույցում խստորեն քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պահվածքը։

«Ես երբեք չէի խոսի Զելենսկու հետ, եթե վարչապետ լինեի, քանի որ մենք ականատես ենք նրա երկրի ավերածություններին եւ զինվորների ու խաղաղ բնակիչների կոտորածներին։

Բավական էր դադարեցնել հարձակումը Դոնբասի երկու ինքնավար հանրապետությունների վրա, եւ դա տեղի չէր ունենա, ուստի ես շատ, շատ բացասական եմ վերաբերվում այս ջենտլմենի պահվածքին», - ասել է Բեռլուսկոնին։

Նա նաեւ ասել է, որ ռազմական հակամարտությունը դադարեցնելու համար ԱՄՆ-ը պետք է Կիեւին առաջարկի երկիրը վերականգնելու բազմամիլիարդանոց ծրագիր՝ հրադադարի դիմաց, գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով il Messaggero-ին։

Նրա կարծիքով՝ խաղաղության հասնելու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է Ուկրաինայի նախագահին ասի, որ «պատերազմի ավարտին իր տրամադրության տակ Ուկրաինան վերականգնելու Մարշալի պլանը կունենա»։

Բեռլուսկոնին ընդգծել է, որ ծրագիրը կարող է հասնել «6-7-8-9 միլիարդ դոլարի մեկ պայմանով»։ Դա ենթադրում է զինադադար, ինչպես նաեւ ԱՄՆ-ից ֆինանսավորման եւ սպառազինության մատակարարումների դադարեցում։

«Միայն դա կարող է համոզել այս պարոնին Զելենսկին հասնել հրադադարի», - հավելել է նա: