Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու մեծ մասում երկուշաբթի «Գաբրիել» մերձարեւադարձային ցիկլոնի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփկինսը, որի հայտարարությունը հրապարակվել է Ֆեյսբուքի իր էջում։
Վարչապետի խոսքով, սպառնալիքի բարձրագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարվել երկրի ամենամեծ քաղաքի՝ Օքլենդի եւ Գիսբորն, Կորոմանդել եւ Նորթլենդ մերձակա շրջանների համար։ «Հյուսիսային կղզու մյուս շրջանների եւ Հարավայինի հյուսիսային մասի համար հայտարարվել է նարնջագույն մակարդակ։ Բնակիչները պետք է հետեւեն վթարային ծառայությունների եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերի աշխատակիցների ցուցումներին»,- ասել է Հիփկինսը՝ նշելով, որ պետական օդերեւութաբանական ծառայության կանխատեսմամբ՝ երկրում առաջիկա օրը սպասվում է «եղանակային պայմանների վատացում» ցիկլոնի պատճառով։
Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունում նշել են, որ երկուշաբթի կեսօրին ուժեղ քամու պատճառով, որը վնասել է էլեկտրագծերը, Օքլենդի եւ արվարձանների մոտ 18,5 հազար տներ էլեկտրականություն եւ կապ չունեն։ Մեգապոլիսում կանգնեցվել է հանրային տրանսպորտի եւ մերձքաղաքային գնացքների երթեւեկությունը, իսկ օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է, փակ են մի քանի ավտոմայրուղիներ։ Դպրոցների մեծ մասը, ինչպես նաեւ մանկապարտեզները, գրադարանները եւ մարզական հաստատությունները փակ են։
Նոր Զելանդիայի պետական օդերեւութաբանական ծառայությունում կանխատեսում են եղանակային պայմանների վատացում եւ նշում են, որ երեքշաբթի գիշեր Հյուսիսային կղզու տարածքում սպասվում են հորդառատ անձրեւներ՝ ուժգին քամու եւ փոթորկի ուղեկցությամբ։




























