Ծառերի օղակները գիտնականներին հուշել են հին քաղաքակրթության անկման պատճառը։ Կոռնելի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Սթերթ Մենինգը գործընկերների հետ պարզել է, թե ինչը կարող էր հանգեցնել խեթերի՝ Կենտրոնական Անատոլիայի ամենահայտնի քաղաքակրթություններից մեկի անկմանը, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 13-րդ դարում։ Գիտնականների կարծիքով՝ խեթերի թագավորության ավարտին կարող է նպաստել աղետալի երաշտը, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 1198-1196 թվականներին։

Հետազոտության շրջանակներում ամերիկացի մասնագետներն ուսումնասիրել են ծառերի կտրվածքների օղակները այն տարածաշրջանում, որտեղ ժամանակին բնակվել են խեթերը։ Ինչպես պարզվել է, խեթերի անհետացման ժամանակները համապատասխանել են ավելի բարակ օղակների՝ ցույց տալով երաշտի տարիները։ Բացի այդ, գիտնականները ծառերի նմուշների վրա կիրառել են ածխածին-13-ի կայուն իզոտոպային վերլուծության մեթոդը։ Հետեւելով դրա մակարդակի բարձրացումը՝ կարելի է որոշել ծառերի աճի ավելի չոր ժամանակաշրջանները:

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ մ.թ.ա 13-րդ եւ 10-րդ դարերում տեղումները միջինից քիչ են եղել, իսկ մ.թ.ա. 1198-1196 թվականներին եռամյա սաստիկ երաշտ է եղել։ Այս ժամանակները սերտորեն կապված են խեթերի կայսրության հետ եւ վերաբերում են նրանց պատմության բուռն ժամանակաշրջանին, որը թվագրվել է բրոնզի դարի վերջով: