Բազմամարդ վայրում հրազենի օգտագործումը կտրականապես արգելվում է, հրազեն կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ հարյուր տոկոսով երաշխավորված է շրջապատում որեւիցե մեկին վնաս չտալու հանգամանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ՝ գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը ՝ անդրադառնալով օրեր առաջ Հանրապետության հրապարակում պարեկների կողմից «Համեր» մակնիշի ավտոմեքենայի հետապնդման, նրա ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքին:
«Այդ տեսանյութը դիտել եմ, եւ իմ մեջ հակասական տրամադրություններ են առաջացել: Առաջինը խղճահարությունն է պարեկային ծառայողների նկատմամբ, ինչի մեղավորն իրենք չեն, այլ իրենց այդտեղ բերողն ու նշանակողը: Երկրորդը, եթե ուշադրություն դարձրիք, կրակել են ավտոմեքենայի անվադողերին՝ իբրեւ կանգնեցնելու համար. դա խայտառակություն է, բազմամարդ վայրում հրազենի օգտագործումը կտրականապես արգելվում է այն վիճակում պետք է հրազեն օգտագործել, երբ հարյուր տոկոսով երաշխավորված է շրջապատում որեւիցե մեկին վնաս չտալու հանգամանքը»,- ընդգծեց Գագիկ Համբարձումյանը:
Անդրադառնալով Պարեկային ծառայության ստեղծմանը, Ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնելու քայլերին, նախկին փոխոստիկանապետն ասաց.
«Շշկռված երեխեքը չգիտեին՝ ինչ անել այդ վիճակի հետ կապված: Ոստիկանության ողջ թշվառությունը ցույց տվեցին: Պրոֆեսիոնալ գործելը պարունակում է ունակություն, փորձ, կարողություն: Պարեկային ծառայությունը ստեղծեցին միայն «գալչկա» դնելու, թոզ փչելու էֆֆեկտով, թե տեսեք՝ ինչ ենք անում: Ամեն մի բարեփոխում մի փորձանքաբերություն է: Անգամ այդ ջահելներին որ նայում ես երթեւեկությունը կարգավորելիս ժպիտ է առաջանում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների եւ քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել էր, որ վարորդը պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետեւ սկսել էր անկանոն վարել Հանրապետության հրապարակում: Ավելի ուշ վարորդը ձերբակալվել է:
«Համերի» վարորդը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:
Նշենք, որ համացանցի օգտատերերի շրջանում տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ ծառայողներ չեն կարողացել վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող եւ ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին եւ ստիպված են եղել կրակոցներ արձակել քաղաքի կենտրոնում։ Պարեկներին եւ ոստիկաններին օգտատերերը քննադատում են ոչ պրոֆեսիոնալ գործողությունների համար։




























