Չնայած այն հանգամանքին, որ նավթի գները ժամանակավորապես նվազել են, դրանք, միեւնույն է, կսկսեն սրընթաց աճել արդեն 2023 թվականի երկրորդ եռամսյակում՝ պատժամիջոցներին ռուսական պատասխանի պատճառով, գրում է Interia-ն։
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան ընկել են ուրբաթ օրվա զգալի աճից հետո: Անցյալ շաբաթվա վերջին մատակարարումների կրճատման վերաբերյալ ռուսական նախազգուշացումները միայն ժամանակավորապես են ազդել շուկայի վրա: Այնուամենայնիվ, երկար ժամանակ հումքի չափազանց ցածր մատակարարումը կարող է հանգեցնել նրան, որ նավթը կրկին թանկանա: Վերլուծաբանների կանխատեսումներով՝ դա կարող է տեղի ունենալ արդեն 2023 թվականի երկրորդ եռամսյակում։
Շուկայի փորձագետները համակարծիք են եղել, որ նավթի գները նվազել են այն պատճառով, որ շուկան սպասում էր Ռուսաստանի կողմից առաջարկի կրճատմանը։ Բացի այդ, ռուսական կողմի համար դժվար էր նավթի գնորդներ գտնել Եվրամիության կողմից էմբարգոյի ուժի մեջ մտնելուց հետո։
Վերլուծաբանները կարծում են, որ չինական տնտեսության վերականգնման դեպքում նավթի գները կարող են կտրուկ բարձրանալ՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 100 դոլարի շեմը։
Փետրվարի 12-ին նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Հայթամ ալ-Գայսը EGYPS VI միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է, որ նավթի պահանջարկը 2023 թվականին կլինի օրական 102 մլն բ/վ մակարդակի վրա, ինչը կորոնավիրուսի համավարակից առաջ գրանցված ցուցանիշը կգերազանցի 1,9 մլն բ/վ-ով։




























