Շվեդիայի Լունդի համալսարանի հնագետները խորտակված սկանդինավյան «Գրիբշունդեն» նավի վրա համեմունքների «գանձարան» են հայտնաբերել: Այն 15-րդ դարի վերջին նավաբեկության է ենթարկվել։
Նավի բեկորները հայտնաբերվել են 1960-ականներին, իսկ հետագա տարիներին դրանք ուսումնասիրել են ծովային հնագետները, բայց ոչ բավականաչափ մանրակրկիտ: Նոր հետազոտությունը հայտնաբերել է լավ պահպանված բուսական նյութի տարաներ՝ ավելի քան 3000 նմուշ:
Հետազոտողները հայտնաբերել են այնպիսի համեմունքներ, ինչպիսիք են մշկընկույզը, մեխակը, մանանեխը եւ սամիթը: Նրանք նաեւ հայտնաբերել են շաֆրանի, կոճապղպեղի, սեւ պղպեղի եւ նուշի նմուշներ։ Դրանց մի մասը, հավանաբար, մատակարարվել է Ինդոնեզիայից, ինչը վկայում է զարգացած առեւտրի մասին։
Բացի այդ, նավի վրա հայտնաբերվել է չորացրած մոշ, ազնվամորի, խաղող եւ կտավատ՝ այս բոլոր գտածոները ցույց են տալիս, թե որքան հարուստ եւ հզոր է եղել նավի տերը՝ Դանիայի թագավոր Յոհանը: Հնագետները հայտնաբերել են նաեւ անուտելի բույս՝ հենբին, որը նախկինում օգտագործվել է բուժական նպատակներով։
Գիտնականները նշում են, որ բույսերի նմուշները եղել են գերազանց վիճակում՝ նավի հայտնաբերման վայրի յուրահատուկ պայմանների՝ Բալթիկ ծովի սառն ու քիչ աղի մասի շնորհիվ։





























