Իսրայելն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է նավթ արտահանող,  գրում է Financial Times-ը։  

Թերթի տվյալներով՝ երկուշաբթի Իսրայելի Քարիշ հանքից բեռնվել է հում նավթի առաջին խմբաքանակը, որը նախատեսված է արտահանման համար: 

Քարիշի հանքավայրը երկար տարիներ տարածքային վեճի առարկա է եղել Իսրայելի եւ Լիբանանի միջեւ, քանի որ այն գտնվում է անմիջապես երկու երկրների ծովային սահմանին: Միայն 2022 թվականի հոկտեմբերին Իսրայելի կառավարությունն ԱՄՆ-ի աջակցությամբ պայմանագիր է կնքել Լիբանանի հետ ծովային սահմանի հաստատման մասին, որի հիման վրա Քարիշը մնացել է  Իսրայելին, իսկ հարեւան Քանայի հանքը՝ Լիբանանին։  

Այնուամենայնիվ, Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցներ է ձեռնարկել նավթի առաջին արտահանման խմբաքանակը առաքելիս։ Թե ով է հանդես գալիս որպես իսրայելական նավթի գնորդ, հայտնի չէ։ 

Իսրայելական հանքն անցյալ տարվա վերջից մշակում է հունական Energean-ը, իսկ Լիբանանի հանքավայրի նավթի արդյունահանմամբ այս տարի ավելի ուշ պետք է զբաղվի ֆրանսիական TotalEnergies-ը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։