Բրաունշվեյգի շրջանային դատարանը հրաժարվել է բավարարել էկոակտիվիստների եւ Greenpeace-ի հայցն ընդդեմ Volkswagen կոնցեռնի, գրում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով դատարանի որոշումը։
Բնապահպան ակտիվիստները ավտոարտադրողից պահանջել են գործնականում կիրառել Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշումը, ըստ որի՝ ապագա սերունդները կլիմայական պայմանների պաշտպանության իրավունք ունեն։ Մասնավորապես, Volkswagen-ից պահանջել են մինչեւ 2030 թվականը դադարեցնել ներքին այրման շարժիչներով մեքենաների վաճառքը։
Դատարանը ճանաչել է ակտիվիստների պահանջների օրինականությունը, սակայն, ըստ դատարանի, նրանք դրանք սխալ հասցեով են ուղղել։ Այնպիսի հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ինչպիսիք են սեփականության, ազատության եւ առողջության իրավունքը, իրականացվում է քաղաքացիների եւ պետության հարաբերություններում, այլ ոչ թե մասնավոր ընկերության, ինչպիսին Volkswagen-ն է, հայտարարել է դատարանի նախագահը։ Ուստի ակտիվիստները ստիպված կլինեն հաշտվել Volkswagen-ի արտադրության եւ վնասակար նյութերի արտանետումների հետ։
Միաժամանակ, Greenpeace-ը չի դադարում փորձել հասնել նրան, որ Volkswagen-ը դադարեցնի իր մեքենաներում ներքին այրման շարժիչների օգտագործումը։ Հաջորդ փորձը կկատարվի փետրվարի 24-ին, երբ Դետմոլդի դատարանը հայտարարի ֆերմերի հայցի վերաբերյալ որոշումը, որը, Greenpeace-ի աջակցությամբ, պահանջում է ավտոարտադրողից հրաժարվել այս տեսակի շարժիչներից:





























